Ինչպես հայտնի է, Հայաստանի հանրապետությունում վերջին տարիների ընթացքում տնտեսությունում գնում է մոնոպոլիզացման գրեթե անդառնալի գործընթաց: Մոնոպոլ բոլոր ոլորտներն օրեցօր, ամսե ամիս անցնում են իշխանությանը մոտ կանգնած օլիգարխներին, որոնցից շատերը պարզապես միայն “շիրմա” են իշխանական վերնախավում գտնվող անձանց համար, քանի որ այդ բիզնեսներն իրականում մեծամասամբ կամ պատկանում են իշխանական վերնախավին, կամ էլ իշխանական վերնախավը եկամտաբեր գրեթե բոլոր բիզնեսներում ունի իր մասնաբաժինը: Ակնհայտ է նաև, որ անկախ Հայաստանի 16 ամյա պատմության ընթացքում կեղծիքներով անցկացված գրեթե բոլոր ընտրություններում հանրահայտ այդ օլիգարխներն ունեն իրենց մեղավորության աստիճանը: Փաստորեն նրանց` այդօրինակ գործողությունները բացասաբար են ազդել ՀՀ բնականոն զարգացման վրա, ինչը հասարակության կողմից ոչ մի հակազդեցության չի արժանացել: Սույն նախաձեռնությամբ մենք կոչ ենք Հայաստանի ազատամիտ բնակչությանը նրանց վրա ազդելու և մեր բողոքի ձայնը տեղ հասցնելու համար չայցելել նրանց` ծառայություններ մատուցող օբյեկտները: